Սերգեյ Սմբատյան

LUS_1946

Հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիրն է: Մշակույթի բնագավառում ունեցած հաջողությունների համար 2016թ.-ին դիրիժորը ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչմանը:

Ներկայումս Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորը ընկալման համար նվագախմբին շնորհվել է «պետական» կարգավիճակ: Դիրիժորը հիմնադրել է նվագախումբը 18 տարեկանում: Սմբատյանի ղեկավարությամբ ՀՊԵՆ-ը բազում հրավերներ է ստացել միջազգայնորեն ճանաչված փառատոներից և կարևոր համերգասրահներից: 2015թ.-ին նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Կաննում՝ MIDEM փառատոնի շրջանակներում, որտեղ Հայաստանը հռչակվել է «Պատվո երկիր»: 2017 թ.-ի ապրիլին Երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես է եկել Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի շրջանակներում:

2016թ.-ի մայիսին Սմբատյանին շնորհվել է Debut Berlin միջազգային համերգ-մրցույթի առաջին մրցանակը: Դափնեկիրների համերգը տեղի է ունեցել հունիսի 1-ին Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճի կամերային երաժշտության սրահում:

Վերջին համերգաշրջանների առավել նշանակալի միջոցառումներից են Սմբատյանի ելույթները Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Դրեզդենի ֆիլհարմոնիկ  նվագախմբի, Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան 19-րդ Զատկի փառատոնի շրջանակներում, Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև  Սեուլի արվեստի կենտրոնում Կորեայի կամերային նվագախմբի հետ: Վերջին նվագախմբի հետ համագործակցությունն ավելի ուշ շարունակվել է Մոսկվայում՝ մենակատար Պինկաս Ցուկերմանի հետ, ինչպես նաև Բոստոնում և Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում: Երաժշտի կարիերայում կարևոր տեղ է զբաղեցնում առաջնաելույթը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և LSO Discovery-ի հետ համերգը: Ներկայանալով մեծանուն երաժիշտ Մաքսիմ Վենգերովի հետ՝ Սմբատյանը ղեկավարել է Վինձորի ամրոցում Նորին Գերազանցություն արքայազն Չարլզի Princes Trust միջոցառման շրջանակներում կազմակերպված գալա համերգը: Միջոցառման հաջողությամբ պայմանավորված՝ 2011թ.-ին համերգը կրկնվել է Բուքինգհեմյան պալատում, որտեղ Սմբատյանը ևս մեկ անգամ ղեկավարել է Philharmonia Orchestra-ն:

2016թ.-ին երաժշտության և գրականության համադրությամբ լիովին նոր նախագծի պրեմիերայով մեկնարկեց Սմբատյանի և աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի համատեղ համաշխարհային համերգային շրջագայությունը:

2016թ.-ի սեպտեմբերի 21-ին Սմբատյանը ղեկավարել է «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախմբի և նվագախմբի անդրանիկ համերգը: Յուրահատուկ նախագիծը, որի հեղինակը հենց ինքը՝ Սմբատյանն էր, մեկ բեմում է միավորել 1144 երաժիշտների Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից:

Սմբատյանը նաև հիմնադրել է խաղաղության «24/04» Համաշխարհային նվագախումբը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

Սմբատյանի՝ որպես դիրիժորի կայացման վրա նշանակալի ազդեցություն են գործել սըր Քոլին Դևիսը, Ռիկարդո Մուտին, ինչպես նաև Վալերի Գերգիևը:

Որպես հայ ժամանակակից երաժշտության գիտակ՝ Սմբատյանը հանդիսանում է Հայ կոմպոզիտորական արվեստի և Խաչատրյանի միջազգային փառատոների համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: Դիրիժորը ձգտում է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերին ծերանոցներում, մանկատներում և համալսարաններում:

2009թ.-ին Սմբատյանը հիմնադրել է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը, որը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և Եվրոպայում:

2015թ.-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարարությունը Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով:

Սերգեյ Սմբատյանին աշխարհում ներկայացնում է Տանյա Դորնը/ Dorn Music:

Latest Videos

1