24/04 համաշխարհային նվագախումբ

 2015թ-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախաձեռնեց ևս մեկ նախագիծ՝ «24/04» համաշխարհային նվագախմբի ստեղծումը:

1915թ-ի ապրիլի 24-ին՝ 24/04/1915թ., հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացմամբ մեկնարկեց հայոց պատմության ամենամութ էջերից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը… Ուղիղ մեկ դար անց՝ 2015թ-ի ապրիլի 24-ին՝ 24/04/2015թ., «24/04» համաշխարհային նվագախմբի ստեղծմամբ պետք է հիմք դրվեր նոր՝ «Վերածննդի» դարաշրջանի՝ առանց բռնության և անթիվ մարդկային զոհերի:

43 երկրից Հայաստան ժամանած 123 երաժիշտներից բաղկացած եզակի նվագախումբը հանդես եկավ մեկ առաքելությամբ՝ ներկայանալ աշխարհով մեկ խաղաղության կոչով. NEVER AGAIN` երբեք այլևս ոչ մի ազգ մեր մոլորակի վրա չպետք է վերապրի ցեղասպանության արհավիրքը:

Տարբեր ազգերի ներկայացուցիչներ համախմբվեցին հանուն համընդհանուր խաղաղության, երաժշտությունն օգտագործեցին որպես ամենահզոր զենք՝ լսելի դարձնելու հայի դարավոր պահանջը և վերականգնելու պատմական ճշմարտությունը: Գերնպատակն էր՝ թույլ չտալ, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը մնա անպատիժ և մատնվի մոռացության, ինչպես նաև կանխել նմանատիպ հանցագործությունների իրականացումը ապագայում:

Արգենտինա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա,Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Կուբա, Կիպրոս, Չեխիա,  Դանիա, Էկվադոր, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Իրան, Հունաստան,  Լիտվա, Թունիս, Իսրայել,  Իտալիա, Ղազախստան, Կորեա, Լատվիա, Մալայզիա, Մեքսիկա, Սերբիա,Նիդերլանդներ, Սիրիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան  Շոտլանդիա, Ուզբեկստան, Իսպանիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նվագախմբի երաժիշտների աշխարհագրությունը ավելի քան տպավորիչ է: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երաժիշտները միավորվեցին իրական մարդասիրական գործի համար: Օգտագործելով համամարդկային լեզուն՝ Երաժշտությունը, նվագախումբը հիշեցրեց աշխարհին պատմական ողբերգությունների մասին և պահանջեց միավորվել խաղաղության, ներդաշնակության, արդարության և սիրո համար պայքարում:

Նվագախմբի առաջին համերգը կայացավ 2015թ-ի ապրիլի 24-ին Երևանում՝ «Վերածնունդ» խորագիրը կրող համերգի շրջանակներում: Որպես մենակատարներ հանդես եկան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, օպերային բարիտոն Գևորգ Հակոբյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան սոպրանո Մարիա Գուլեգինան և այլք: Համերգի չորս բաժինները Սերգեյ Սմբատյանի հետ միասին ղեկավարեցին հանրահայտ դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին և Հովհաննես Չեքիջյանը:

 

Facebook