«Նոն-Սթոփ» համերգաշար

2012թ.-ը նշանավորվեց Երիտասարդական նվագախմբի ամենահաջող ծրագրերից մեկի՝ Նոն-Սթոփ համերգաշարի մեկնարկով: Նախադեպը չունեցող այս նախագծի նպատակն էր դասական երաժշտության աշխարհ ժամանակակից երիտասարդության ներգրավումն ու դրա նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Բայց դա ամենևին դյուրին խնդիր չէր: Այստեղ էր, որ ծնվեց «Հոլիվուդ նոն-սթոփ» նախագիծը: Արդյունքում հանդիսատեսին ներկայացվեցին վաղուց արդեն դասական դարձած հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքները: «Մեռի´ր, բայց ոչ հիմա», «Մատանիների տիրակալը. արքայի վերադարձը», «Աստղային պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Առաքելությունն անկատար է», «Վեսթսայդյան պատմություն», «Խիզախ սիրտը», «Ամերիկացին Փարիզում», «Ռոմեո և Ջուլիետ», «Ջուրասիկ այգին»՝ այս ֆիլմերը կազմեցին ծրագրի մի չնչին մասը միայն: Բազում երևանյան և մարզային համերգներ և ավելի քան 10000 ունկնդիր՝ ահա, թե ինչպիսին էր համերգաշարը թվային արտահայտությամբ:

«Հոլիվուդ նոն-սթոփ»-ին հաջորդեց «Քարթուն նոն-սթոփ»-ը՝ այս անգամ արդեն մուլտֆիլմերում հնչող երաժշտության ներկայացմամբ: Հատուկ փոքրիկների համար ծրագրված նախագիծ և կրկին մեծ հաջողություն:

Հետո «Հայֆիլմ նոն-սթոփ»-ն էր՝ հայկական կինեմատոգրաֆի գլուխգործոցներ համարվող ֆիլմերում հնչող երաժշտության նոր մատուցմամբ: Ավելին, կինոֆիլմերի երաժշտությունների նոտաների մեծ մասը պահպանված չէր, սակայն նախագծի շրջանակներում դրանք բոլորը վերականգնվեցին, իսկ ձայնագրությունների թվայնացումը ապահովեց դրանց հետագա պահպանման հուսալիությունն և ապագա սերունդներին անխափան փոխանցման վստահությունը: Սա, իսկապես, մեծ ձեռքբերում էր:

Latest Videos