Խաչատրյանի միջազգային փառատոն

Մաեստրոյի հեքիաթային աշխարհ, դասական երաժշտության հարյուրավոր երկրպագուներ, խաչատրյանական արվեստի կախարդական մթնոլորտ. Խաչատրյանի միջազգային փառատոն` ամենն, ասես, ապրում ու շնչում է երաժշտությամբ:

2013 թ.-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ծնվեց  միջազգային չափանիշներին համապատասխան այս միջոցառումը: Սմբատյանը նախագծի գեղարվեստական ղեկավարն է: Այսօր խաչատրյանական փառատոնը չի զիջում եվրոպական նմանօրինակ փառատոներին, ավելին՝ այն միակն է տարածաշրջանում: Սա հայաստանյան միակ նախագիծն է, որի շրջանակները տարածվում են նաև երկրի սահմաններից դուրս. Ռուսաստան, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա՝ երկրների ոչ ամբողջական ցանկ, որտեղ ներկայացվել են փառատոնային համերգները:

Չորս տարի շարունակ Երևանում՝ աշնանը, դասական երաժշտության աշխարհի ամենավառ աստղերը՝ Ալեքսանդր Ռոմանովսկի, Մայու Քիշիմա, Մարիա Դոմաշենկո, Նին Ֆեն, Զախար Բրոն և այլք, միավորվում են՝ համատեղ ուժերով ստեղծելու միջազգային և մշակութային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված հարթակ, ինչը ոչ միայն տարբեր ազգերի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի բեղուն երկխոսության հիմքն է:

Փառատոնը, իրավամբ, դասական երաժշտության տոն է, միևնույն ժամանակ դրա դռները բաց են ջազի և համաշխարհային երաժշտության այլ ժանրերի համար: Այն հանդիսատեսին առաջարկում է երաժշտական տպավորությունների լայն շրջանակ՝ սիմֆոնիկ համերգներից մինչև կամերային երեկոներ: Եզակի է փառատոնային ծրագիրը. 15 համաշխարհային և 39 հայաստանյան պրեմիերա ընդամենը 4 տարում:

Համաշխարհային մեծության աստղերի հետ մեկտեղ, Փառատոնն ինքնարտահայտման հարթակ է տրամադրում նաև երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին ամբողջ աշխարհից: Հենց մեծ վարպետների հետ ստեղծագործական փոխանակման ընթացքում են ծնվում նորարարական ծրագրեր՝ հետաքրքիր ինչպես արտիստների, այնպես էլ հանդիսատեսի համար:

Տարեցտարի Խաչատրյանի փառատոնն ընձեռում է տասնյակ երիտասարդ տաղանդների երաժշտական աշխարհի գաղտնիքները բացահայտելու, ավելի լավը դառնալու, ապրելու ու հաղթելու հնարավորություն՝ աշխարհահռչակ երաժիշտների մատուցած վարպետության դասերին մասնակցության շնորհիվ:

Ամեն աշուն Խաչատրյանի փառատոնն իր տանիքի տակ հյուրընկալում է 18000-ից ավելի հանդիսատես: Վերջիններիս մեծ մասը վերադառնում է մեզ մոտ նորից ու նորից, տարիներ շարունակ:

Տարածությունն այլևս խնդիր չէ: Առաջին անգամ Հայաստանում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում, առցանց ուղիղ հեռարձակումների շնորհիվ հանդիսատեսին ընձեռվում է փառատոնային բոլոր համերգներին հետևելու հնարավորություն:

Առավել պատվաբեր և պարտավորեցնող է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Սա, ինքնին, փաստ է, որը խոսում է միջոցառման բարձր վարկանիշի մասին:

Խաչատրյանի միջազգային փառատոն. մոլորակը խոսում է, երաժշտությունը՝ թարգմանում, Խաչատրյանը՝ միավարում:

Փառատոնի նորություններին կարող եք հետև www.khachaturianfestival.com պաշտոնական կայքում:

Facebook