Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն

Հայաստանյան մշակութային կյանքում վերջին 6 տարիների ընթացքում իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, փառատոն, որ ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանությանը և աշխարհով մեկ դրա ներկայիս նվաճումների ներկայացմանը:

Քաջ գիտակցելով, որ ժամանակակից հայ դասական երաժշտարվեստն ունի աջակցության կարիք, իսկ բազում կոմպոզիտորների աշխատանքներ հետզհետե մատնվում են մոռացության, 2010թ-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացման նախաձեռնությամբ: Վերջինս պետք է լիներ ոչ թե պարզապես հերթական ժամանցային միջոցառում, այլ իրենից ներկայացներ իսկապես բարձր արժեք՝ հատկապես մասնագիտական տեսանկյունից:  Ստեղծման առաջին իսկ օրից փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«2005թ-ին Երևանում կազմավորված Երիտասարդական նվագախումբն այսօր ներկայանում է հանրապետության բեղուն գործունեությամբ ապրող կոլեկտիվներից: Իր փորձառությունը ձեռք բերելով դասական երկերի կատարումներով` այսօր այդ կոլեկտիվն իր կարևոր գործն է կատարում ազգային երաժշտության պրոպագանդման գործում: Տարբեր ժամանակների, տարբեր ազգությունների, գեղարվեստական տարբեր ուղղություններ ներկայացնող դասական երկերի կողքին երիտասարդական նվագախումբն իր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցնում է հայ դասական, ժամանակակից և, ամենակարևորը, երիտասարդ հեղինակների երկերը: Ազգային ստեղծագործությունները ներկայացվում են թե՛ առանձին համերգներով, թե՛ փառատոների ձևով: Վերջինները գեղարվեստորեն ամբողջական և նոր ստեղծագործություններ ցուցադրելու նպատակային միջոցառումներ են…»

Արաքսի Սարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Ամենամյա փառատոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է անվանի հայ կոմպոզիտորներից մեկին. Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ.), Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.)՝ 7 փառատոն, հայ երաժշտարվեստի բարձունքներում կանգնած վարպետների 7 խոսուն անուններ:

Facebook