Ներկայացվեց Մալթայի երաժշտական արվեստը

19.03.2018

Մարտի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց գեղեցիկ համերգային երեկո՝ անվանի մենակատարների մասնակցությամբ։ Ծրագրում հնչում էին մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ համերգի ընթացքում ներկայացված գործերը հնչեցվելու են նաև ապրիլի 16-ից մայիսի 1-ը Վալետայում կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է որպես պաշտոնական նվագախումբ։ «Մենակատարները՝ դաշնակահարուհի Սոֆյա Վաշերուկը, ալտահար Յուրի Ջիսլինը, ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին, որոնք ելույթ ունեցան նվագախմբի հետ, մեծ ճանաչում ունեն, և մեզ համար կարևոր էր հանդես գալ նրանց հետ ու հետագայում նույնպես պահպանել համագործակցությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին 2010 թվականին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ Երաժիշտը հիշում է, որ խաչատրյանական մրցույթն իր առջև մեծ հեռանկարներ բացեց, հիանալի համերգներ, որոնց ընթացքում հանդիպեց մեծագույն անհատների՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու, Սերգեյ Սմբատյանի և բազմաթիվ այլ մարդկանց հետ։ «Մրցույթից մեկ տարի հետո ես հնարավորություն ունեցա Երևանում հանդես գալու Մաքսիմ Վենգերովի ղեկավարությամբ, ինչն ուղղակի ֆանտաստիկ էր։ Խաչատրյանի մրցույթը իմ կյանքի ամենակարևոր հատվածներից է»,- ասաց Յարոսլավը։ Նա նաև նշեց, որ մրցույթի ընթացքում ինքը ներկայացրել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, ինչը հետագայում կատարել է նաև բազմաթիվ այլ բեմերում և բազմաթիվ նվագախմբերի հետ։

Յարոսլավ Նադրզիցկին հաճախ է ելույթներով հանդես գալիս Երևանում, նա խոստովանում է, որ իրեն Հայաստանի հետ կապում են մարդիկ, ջերմ հանդիսատեսը. «Ես գիտեմ, որ հայերը մեծագույն ազգ են, միլիոնավոր հայեր են ապրում տարբեր երկրներում, և որտեղ էլ լինեմ, միայն լավն եմ լսում հայերի մասին»։ Խոսելով Շորի երաժշտության մասին՝ Նադրզիցկին նկատեց, որ նրա մեղեդին հաճելի ու դրական է. «Ես հաճելի զգացողություններ եմ ունենում, երբ ներկայացնում եմ նրա գործերը։ Շորն իր երաժշտության միջոցով գեղեցիկ պատկերներ է նկարագրում։ Նրա գործերը վիրտուոզ են և պահանջում են կատարողական տեխնիկա»։

Երևանյան հանդիսատեսին իր երաժշտությամբ գերեց նաև ալտահար Յուրի Ջիսլինը, ում The Strad ամսագիրը համարում է «իսկապես ռոմանտիկ խառնվածքով վիրտուոզ»: Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում:

Իսկ դաշնակահարուհի Սոֆյա Վաշերուկը դաշնամուր նվագում է 4 տարեկանից։ 2008-ին հիմնադրել է Siestango Quartet-ը, որը մասնագիտացել է Աստոր Պիացոլայի գործերի կատարմամբ:

Նշենք, որ համերգը կայացել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

m

Latest Videos