Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան

01.12.2017

Նոյեմբերի 30-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յար» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մեծակտավ այս ստեղծագործությունը ներկայացրին Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը (բաս) և Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։

Շոստակովիչը «Բաբի Յար» սիմֆոնիան գրել է Եվգենի Եվտուշենկոյի 5 առանձին բանաստեղծությունների («Բաբի Յար», «Հումոր», «Խանութում», «Վախեր», «Կարիերա») հիման վրա։ 1962 թվականին մենակատարի, բասերի երգչախմբի և նվագախմբի համար գրված այս սիմֆոնիան դարաշրջանի իսկական հայելին էր. այստեղ կա թե՜ այդ ժամանակների տխուր էջերին անդրադարձ, թե՜ հումոր, թե՜ կենցաղ, և այս ամենը՝ երաժշտական յուրահատուկ ու բարձրակարգ արտահայտմամբ։

Կոմպոզիտորին ոգեշնչել է Եվտուշենկոյի բանաստեղծությունը՝ գրված Բաբի Յարի ողբերգության կապակցությամբ։ 1941թ. ֆաշիստական զորքերը, գրավելով Կիևը, տարհանման պատրվակի ներքո քաղաքից ոչ հեռու Բաբի Յար կոչվող ձորակում հավաքել են քաղաքի բոլոր հրեաներին և միայն մեկ օրվա ընթացքում գնդակահարել մոտ 30 հազար մարդու։ Եվտուշենկոն և Շոստակովիչը՝ որպես մեծագույն արվեստագետներ, որպես մտավորականներ, չէին կարող չարձագանքել այս ողբերգությանը, և ահա գրվեց «Բաբի Յար» սիմֆոնիան՝ ի հիշատակ բոլոր զոհերի։

Վլադիմիր Բայկովը նշեց, որ մինչ այս սիմֆոնիայից միայն հատվածներ է կատարել։ Հայաստանում նա «Բաբի Յար»-ն ամբողջությամբ կատարում է առաջին անգամ։ Ի դեպ, սա Բայկովի երկրորդ բեմելն էր Երևանում, առաջին անգամ նա մեր երկրում հանդես է եկել մոտ 15 տարի առաջ՝ Արաքս Դավթյանի հետ ներկայացնելով Շոստակովիչի 14-րդ սիմֆոնիան։ Արտահայտելով իր զգացումները «Բաբի Յար»-ի վերաբերյալ՝ Բայկովը նշում է, որ նախ որոշակի անհարմարություն է զգացել. ի սկզբանե այն ընկալվում էր ոչ թե որպես երաժշտություն, այլ որպես փաստ։ Սակայն աստիճանաբար սկսել է զգալ կապը երաժշտության, Եվտուշենկոյի և Շոստակովիչի միջև։ Նա նշում է, որ սիմֆոնիայում շատ են կոնտրաստները. այստեղ կա և՜ ողբերգություն, և՜ հումոր։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց սիմֆոնիայի բովանդակությունը։ Նա հույս հայտնեց, որ իրենք կարողացան ունկնդրին փոխանցել այն բոլոր ուղերձները, ասելիքը, որ Շոստակովիչն ու Եվտուշենկոն ամփոփել էին իրենց ստեղծագործությունների գաղափարական բովանդակության մեջ։

Խաչատրյանի միջազգային փառատոնը մոտենում է եզրագծին։ Ամիսներ շարունակ այն ունկնդրին մատուցել է գեղեցիկ, բարձրակարգ երաժշտություն։ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը խաչատրյանական փառատոնը կարևոր իրադարձություն է համարում մեր երաժշտական կյանքում։ «Համերգային հետաքրքիր ծրագրեր, անվանի հյուրեր արտասահմանից և մեր երաժիշտների ու կոլեկտիվների ներգրավում. այսպիսին է փառատոնը։ Այս տարվա ծրագիրը շատ հագեցած է և ինքնատիպ։ Ես շատ բարձր եմ գնահատում խաչատրյանական փառատոնը՝ հաճույքով հետևելով ու հաճախ ներկա գտնվելով համերգային երեկոներին»,- ասաց Դավիթ Ղազարյանը։

Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

m

Latest Videos