Հայաստանը Պենդերեցկու երաժշտության կենտրոն

13.02.2018

2018 թվականին նշվում է մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85 ամյակը: Փետրվարի 13-17-ը Հայաստանում կկայանա Քշիշտոֆ Պենդերեցկի -85՝ ‹‹Պենդերեցկու օրերը Հայաստանում›› խորագրով 4-րդ միջազգային հոբելյանական Փառատոնը: Փառատոնային 4 համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտորի սիմֆոնիկ և կամերային ստողծագործությունները: Նախատեսված են հայաստանյան պրեմիերաներ: Մասնավորապես՝ Ջութակի 2-րդ կոնցերտը՝ ‹‹Մետամորֆոզներ››, ինչպես նաև ‹‹Երուսաղեմի յոթ դարպասները››  մեծակտավ սիմֆոնիաները հայ ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ:

Հատկանշական է, որ Փառատոնն իր շուրջն է համախմբել հայաստանյան տարբեր կոլեկտիվներ. ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), ինչպես նաև՝ արտերկրից ժամանած անվանի մենակատարներ։

Փառատոնն իր ներկայությամբ կպատվի մեծ կոմպոզիտորը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու հետ արդեն իսկ ունեն ձևավորված համագործակցություն:

Քշիշտոֆ Պենդերեցկու 85- ամյակին նվիրված  հոբելյանական փառատոնի  ընթացքում հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայացվի Պենդերեցկու հիասքանչ ստեղծագործությունը՝ Symphony No.7 “Seven Gates of Jerusalem”, որին մեծագույն անհամբերությամբ սպասում է թե հայ երաժշտասեր հանրությունը, թե պրոֆեսիոնալները:

Նվագախումբը տարբեր բեմերում  կատարել է կոմպոզիտորի ստեղծագործությունները: Պենդերեցկին իր հայաստանյան այցերի ժամանակ նաև ղեկավարել է  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ):

Հատկանշական է, որ Քշիշտոֆ Պենդերեցկին դեռևս տարիներ առաջ, հետևելով նվագախմբի գործունեությանը, ինչպես նաև անձամբ ղեկավարելով այն՝ նշանակալի ապագա էր կանխատեսել նվագախմբի համար:

Այսպիսով, Փառատոնի կազմակերպիչներն ու մասնակից երաժիշտները բարձրարժեք ակադեմիական երաժշտության երեկոներ են խոստանում դասական երաժշտությունը գնահատող հայ ունկնդրին:

m

Latest Videos