17862857_1251104854985219_3478594361199316541_n

Էլժբետա Պենդերեցկա. «Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»

14.04.2017

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։

«Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան, համերգից հետո ներկայացնելով իր տպավորությունները, ասել է, որ համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլև միջազգային արվեստասեր հանրությունը»։

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ են ապրում, քանզի մեր ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունն անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո։

Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին։ Նվագախմբի մասնակցությունը փառատոնում տեղի է ունեցել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգին նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ)։

 

m

Latest Videos